Աշխարհ

Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի (լուսանկարներ)

Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը։

Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում:

1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից:

Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. շուրջբոլորը աղբավայրի վերածվելուց բացի եկեղեցին ենթարկվում է նաև գանձագողերի հարձակումներին:

Գանձ գտնելու մոլուցքով տարված անձինք հորատումներ են արել եկեղեցու պատերի ու սյուների մոտ: Որոշ չարամիտների ձեռքով էլ ջնջվել են եկեղեցու ներսում եղած որմնանկարները:

Թաղամասի բնակիչների խոսքով՝ համայնքապետարանն այստեղ է կուտակում թաղամասերից հավաքած շինարարական աղբը: Եթե դա շարունակվի, ապա եկեղեցին կարող է ծածկվել աղբի կույտերով:

Նշենք, որ եկեղեցու հնարավոր վերականգնման վերաբերյալ հակասական տեղեկություններ են հրապարակել թե սեփականատեր Սաբրի Էնգինի և թե Ազիզիյեի համայնքապետարանի կողմից:

Ի դեպ, Հայոց ցեղասպանությունից հետո հայապատկան բազմաթիվ անշարժ գույքեր, այդ թվում՝ եկեղեցիներ, պետության թույլտվությամբ սեփականաշնորվել են թուրքերի կողմից:

Էրզրումի հայկական եկեղեցին
Էրզրումի հայկական եկեղեցին
Էրզրումի հայկական եկեղեցին
Կիսվել էջում