Արաքսի տատը պահանջ ունի Թուքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են
84-ամյա Արաքսի Դեմիրճյանը դիմել է Sputnik Արմենիային՝ հույսով, որ իր ձայնը կհասնի ՀՀ վարչապետին: Արաքսի տատը վարձով է ապրում։ Խնդրել էր կրկին այցելել իրեն, չմերժեցինք։ Թվում էր, թե մենակ ապրող տատիկը պետք է սոցիալական պայմաններից ու դժվարություններից բողոքեր, սակայն, ի զարմանս մեզ, ոչ մի բողոք:
Միայն հիշելով իր հին վերքերը, խնդրեց կրկին բարձրաձայնել Թուրքիայում իր մոր ու տատի թողած կալվածքների մասին:
Դողդոջուն քայլերով մոտենալով պահարանին, Արաքսի տատն այնտեղից հանեց փաստաթղթերի փաթեթ ու մի փոքրիկ կանաչ տուփ: Դրանք դրեց սեղանին ու խնդրեց մանրամասն ուսումնասիրել թղթերը: Արաբագիր փաստաթղթերն Արաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին են վկայում:
«Աղջի՛կս, անցած անգամ ասել եմ կտակիս մասին, ու որ Աստծու հետ պայման եմ կապել չմեռնել, մինչև հետ չստանամ ունեցվածքս, բայց արդեն վախենում եմ. ուզում եմ օգնեք դիմել վարաչապետին՝ օգնի պառավիս: Արդեն շատ մեծ եմ. կմեռնեմ կգնամ՝ իմ ունեցվածքը թուրքին կմնա,-ասաց տատը՝ պարզելով փոքրիկ տուփը,-Իմ ընտանիքի ողջ անցյալն այս տուփի մեջ է եղել՝ Թուրքիայում իմ ընտանիքի թողած անշարժ գույքի մասին վկայող ողջ փաստաթղթերը մայրս՝ Մարիամ Քաչիկյան-Դեմիրճյանն այս տուփի մեջ է բերել Արևելյան Հայաստան»:
Չնայած մայրը միշտ խոսել է Թուրքիայում թողած անշարժ գույքի ու դրա մասին վկայող թղթերի մասին, բայց Արաքսի տատը տուփի պարունակության մասին մոր մահից հետո է միայն իմացել, երբ պահարանից հավաքում էր նրա հագուստը:
Տուփի մեջ եղած փաստաթղթերը տվել է թարգմանելու ու իմանալով դրանց բովանդակության մասին, փաստաթղթերի պատճենները հանձնել է Ցեղասպանության թանգարան` բնօրինակը պահելով իր մոտ:
«Տես` ինչեր ենք ունեցել։ Երբ տարա թանգարան` նայեցին ու ասացին, որ եթե սա վերադարձնենք` ահռելի հարստություն կլինի: Ինչի՞ այդքանը մնա թուրքերին»-ասում է տատը:
Թուրքիայի Խարբերդում Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով իր ազգի բոլոր տղամարդկանց, տիկին Արաքսիի տատը՝ Մարթան, իր 3 դուստրերի հետ փախչում է Հալեպ, որտեղ էլ 1929 թվականին վավերացնելով իր և իր դստեր անունով Թուրքիայում եղած անշարժ գույքի՝ տների, ցանքատարածությունների մասին փաստաթղթերը, դիմում է Հալեպի վիլայեթի բարձրագույն հանձնախմբին՝ նշված սեփականությունների նկատմամբ իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար: Այն ժամանակ չի հաջողվում դա անել։
Թարգմանված փաստաթղթերը վկայում են ահռելի ունեցվածքի մասին` կալվածքներ, արոտավայրեր, տներ։ 1929 թվականի տվյալներով` մայրիկի` Մարիամ Քաչիկյանի անունով կա 8300 թուրքական լիրային համերժեք գումարի գույք, իսկ տատի՝ Մարթա Քաչիկյանի անունով՝ 9700 լիրայի:
Արաքսի տատը տարիներ շարունակ ամեն տեղ դիմել է իրեն հասանելք ժառանգությունը հետ ստանալու համար։ Այս ընթացքում նույնիսկ Թուրքիա է գնացել, դիմել հայ իրավաբանի, սակայն ապարդյուն. բոլորը խոսում են տատի կալվածքներից, բայց ստույգ քայլեր ոչ ոք չի արել: Արաքսի տատի միակ հույսը մնում են Եվրադատարանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուր՝ armeniasputnik.am