Դատարանը արդարացրեց «Ճվճվ Արոյի» որդուն
Դատարանը արդարացրեց «Ճվճվ Արոյի» որդուն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին, դատարանը արդարացրեց Սերժ Վարդանյանին։
«Ինքս միջնորդել էի վիճաբանությունների փուլում, որ արդարացվեր։ Նրանք օբյեկտիվորեն ոչինչ չէին կատարել, ինչ-որ արարք չէին կատարել, որ որակվեր խուլիգանություն։
Դատարանը բազմակողման քննություն արեց, հնարավոր բոլոր փաստարկները ստուգեց, քրեական գործով բոլոր դրվագները, անգամ լրացուցիչ փորձաքննություն նշանակեց։ Քննության արդյունքում բոլորն էլ համոզվեցին, որ այդ երեխեքի կողմից ոչինչ չի կատարվել», – ասել է Սերժ Վարդանյանի փաստաբան Մանվել Գրիգորյանը։
Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել էր զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։
Բացի այդ Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել իրենց դիտողություն արած մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ։