Սյունիքի մարզում հափշտակել են գործարարի չհրկիզվող պահարանը, որում եղել են զարդեր և 20 հազար դոլար
Սյունիքի մարզում հափշտակել են գործարարի չհրկիզվող պահարանը, որում եղել են զարդեր և 20 հազար դոլար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Նոյեմբերի 21-ին, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել է, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 20-ի ժամը 14։00-ից մինչև նոյեմբերի 21-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Քաջարան քաղաքի 1-ին շենքի նշված բնակարանի դռան փականները հարմարեցված բանալիներով բացելու միջոցով ներս են մտել բնակարան և ննջասենյակից գողացել մետաղյա չհրկիզվող պահարանը։
Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին բնակարանատիրոջ հարազատները հայտնել են, գողացված չհրկիզվող պահարանում եղել է 20 ԱՄՆ դոլար և 35 կտոր տարբեր քաշերի և տեսակի ոսկյե, թանկարժեք զարդեր։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանվածը Քաջարանում հայտնի ԱՁ-ի տնօրեն է։
Աղբյուր՝ shamshyan.com