ՄամուլՏեսանյութ

«Կառուցեք խելացի գոմեր և մենք ձեր ծախսի 50 տոկոսը ձեզ կանխիկ հետ կտանք»․ Փաշինյան (Տեսանյութ)

«Կառուցեք խելացի գոմեր և մենք ձեր ծախսի 50 տոկոսը ձեզ կանխիկ հետ կտանք»։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում, պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում 1000 ընտանիքի տալիս ենք անասնագլխաքանակ, տալիս ենք գումար՝ կեր ձեռք բերելու համար, տալիս ենք խորհրդատվություն, որ մարդն իր աշխատանքով իր կյանքը փոխի:

Մենք ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, ներդնում ենք այսպես կոչված «Խելացի գոմերի» ծրագիր, կառուցեք խելացի գոմեր, մենք ձեր ծախսի 50 տոկոսը ձեզ կանխիկ հետ կտանք: Մենք ասում ենք՝ սիրելի քաղաքացիներ, այսօր մեր երկրից գյուղմթերքի արտահանման ահռելի մեծ պոտենցիալ կա:

Հնարավորություն ենք ստեղծում՝ կառուցեք ջերմատներ և մենք ձեր ծախսի 30 տոկոսը, սահմանամերձ գյուղերում՝ 50 տոկոսը հետ կտանք, ստեղծեք ինտեսիվ այգիներ՝ մենք ձեր ծախսի 30 տոկոսը, որոշ դեպքերում՝ 50 տոկոսը հետ կտանք: Այս ծրագրերում  դեպքեր կան, որ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսը հետ ենք տալիս:

Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը 1000 դրամ ծախսում է, մենք արձանագրում ենք, որ ինքը ծախսել է, աղքատությունը հաղթահարելու գործիք է ստեղծել, մենք այդ ծախսի 700 դրամն իրեն հետ ենք տալիս: Իսկ մարդու կյանքի փոփոխությունը ո՞նց է լինում:

Մենք այսօր անում ենք հեղափոխական քայլ, այո, այս բյուջեով, միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից: Իհարկե, ծավալը, փաթեթը բավական մեծ է, այնտեղ որոշ բացառություններ կան: Այսինքն, եթե մարդը որակավորում ունի, իրեն աղքատությունը հաղթահարելու գործում աջակցելու տրամաբանությունն այնքան էլ չկա:

Մենք ամբողջ հանրապետությունում ասում ենք՝ ժողովուրդ ջան, հարկ չենք հավաքում մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսից, ասում ենք՝ ապրեք, աշխատեք: Մենք ասում ենք՝ այսօր նախնական հաշվարկաներով զբոսաշրջիկները մեր երկրում տարեկան 200 -250 մլն դոլար ավելի են ծախսել:

Մենք մեր քաղաքացուն ասում ենք՝ այս գումարի ձեր բաժինն աշխատեք, ազատում ենք միկրոբիզնեսը հարկերից, ամեն ինչից, որ դուք ձեր բարեկեցությունը վաստակեք, որովհետև սա միայն քաղաքացուն բարեկեցություն վերադարձնելու ճանապարհ չէ, սա մարդուն արժանապատվություն վերադարձնելու ճանապարհ է, որովհետև արժանապատիվ մարդը, արժանապատիվ քաղաքացին՝ աշխատող մարդն է»։

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել