Տեսել եմ Մելի մասին ֆիլմի նախնական տարբերակը․ էնքան կուզեմ՝ դիմանաք էս մեկուկես տարին
Տեսել եմ Մելի մասին ֆիլմի նախնական տարբերակը․ էնքան կուզեմ՝ դիմանաք էս մեկուկես տարին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի Լիլիթ Բլեյանը։
«Քանի որ աղմուկը չի դադարում, ես էլ չեմ դադարի կրկնել, որ, ի տարբերություն բազմաթիվ ստատուսագրերի, տեսել եմ Մելի մասին ֆիլմի նախնական տարբերակը, որը բարձրորակ ռեժիսորական աշխատանք է՝ զարմանալի, դրական ու հետաքրքիր մի մարդու մասին, որին բաժին է հասել դժվար ու փորձությունների կծիկ մի կյանք, ու որին մեր “մարդասեր և մարդակենտրոն” հասարակությունը ոչ թե պարզապես չի օգնել, այլ ուղղակի վանել է իրենից, ու էդ տղան իրեն ստիպված սկսել է փնտրել օտար քաղաքներում։
Էնքան խորը, էնքան հուզիչ, էնքան մարդկային, էնքան մտածելիք տվող պատմություն է, որ էդ տրիվիալ “սեռափոխություն” որ ասում եք, ախր դրա վրա ֆիլմը նույնիսկ ակցենտ չի դնում։
Մելի պարագայում ախր իրոք դա շատ հարաբերական է, էնքան կուզեմ՝ դիմանաք էս մեկ-մեկուկես տարին, ֆիլմը վերջապես ավարտուն տեսքի գա, ու նայելիս հանկարծ կզգաք, թե ոնց եք փոխվում, ոնց է աշխարհը փոխվում, ոնց են փոխվում ձեր պատկերացումները, ու ձեր ստատուսները նույնպես կփոխվեն։
Իննան՝ ռեժիսորը, համարձակ մարդ է, բայց դա հարցի միայն մի կողմն է. Իննան իմ իմացած ամենաազնիվ ու ամենաբարեխիղճ մարդկանցից է, որի գործն էս պահին լուսավորչական է։
Իննան Ավրորա Մարդիգանյանի մասին մի ֆիլմ է նկարում արդեն երկար ժամանակ է, ու երբ կողքից նայում ես, թե ինչ հսկայական աշխատանք է տանում ամեն կտորի վրա, ինչ անհատական ռեսուրսներ են պետք՝ էդ նուրբ ու միաժամանակ համամարդկային թեման գրագետ ու միաժամանակ էմոցիոնալ ներկայացնելու համար ես հիանում եմ, ես էդքան համբերություն ու ամրություն չէի ունենա, գիտեմ։
Հ.Գ. շատ եմ խնդրում, եթե ֆիլմը չեք նայել, մի՛ մեկնաբանեք գրածս, երբ պատրաստ կլինի ու կնայեք, էն ժամանակ սիրով կբանավիճենք»։