Շոու-բիզնես

«Բնակարան եմ գնել, շուտով ընտանիքիցս առանձին կապրենք». Գուրգեն Դաբաղյանը՝ ընտանեկան կյանքի մասին

«Բնակարան եմ գնել, շուտով ընտանիքիցս առանձին կապրենք»: Երգիչ Գուրգեն Դաբաղյանը մոտ 3 ամիս առաջ լքեց ամուրիների ցանկն ու ամուսնացավ ռուսաստանաբնակ հայ աղջկա՝ Իննայի հետ։ Եթե մինչև ամուսնությունը Գուրգենը չէր խոսում ոչ նշանադրության, ոչ էլ անձնական կյանքին ու սիրելիին վերաբերող հարցերի մասին, հարսանիքի օրվանից սկսած, սակայն, նրա անձնական կյանքը դարձավ բաց։

Tert.am Life-ի հետ զրույցում Գուրգենը պատմել է նորաստեղծ ընտանիքի, սիրելիի հետ հարաբերությունների ու ամուսնությունից հետո փոխված կյանքի մասին։

«Ամուսնությունուց հետո կյանքս ավելի լավն է դարձել, ավելի լիարժեք, ուրախ ու հետաքրքիր։ Կենսակերպս շատ չի փոխվել, քանի որ երբեք շատ «դրսի մարդ» չեմ եղել, բայց հիմա ավելի եմ շտապում տուն։ Մինչև ամուսնությունը ես ու Իննան քիչ էինք հանդիպում, քանի որ տարբեր երկրներում էինք ապրում։ 1 տարի առաջ նշանվեցինք, սակայն մեր շփումը մի քանի օրով իրար մոտ գնալ-գալով էր։ Ավելի շատ հեռախոսով ու համացանցով էինք շփվում։

Գուրգեն Դաբաղյան

Հարսանիքից մոտ մեկուկես ամիս առաջ Իննան տեղափոխվեց Հայաստան, ինչը շատ ուրախալի փաստ էր երկուսիս համար։ Հեռավորության վրա շփվելը բարդ էր, շատ էինք սպասում այն օրվան, երբ երկուսս մի քաղաքում, հատկապես, մի տան մեջ կապրենք»,- ասաց երգիչը։

Նորապսակներն այժմ ապրում են Գուրգենի ընտանիքի հետ, սակայն առաջիկայում կառանձնանան։ «Դեռ 1 տարի առաջ ես նոր բնակարան եմ գնել մեզ համար։ Դեռ այնտեղ չենք ապրում, քանի որ կահավորումը վերջնական չենք ավարտել։ Մի քանի օրից կտեղափոխվենք մեր բնակարան»,- հայտնեց նա։

Գուրգեն Դաբաղյան

31-ամյա երգչի կինը 19 տարեկան է։ Զույգի տարիքային տարբերությունը 12 տարի է։ Հարցին, թե դա ինչպես է անդրադառնում ընտանեկան կյանքի վրա, Գուրգենը հումորով պատասխանեց. «Դժվար է ասել։ Առաջին ամուսնությունս է, համեմատելու փորձ չունեմ»։ Երգիչը նկատեց, որ տարիքային տարբերությունը բացասական կողմով չեն զգում. «Մենք շատ լավ ենք զգում իրար հետ, մռր միջև փոխըմբռնում կա, ինչը շատ կարևոր է։ Գուցե, դա օգնում է. ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում իր կողքին, ինքն իմ կողքին՝ ավելի հասուն»։

Իր աշխատանքի բերումով խանդի առիթներ, ըստ Գուրգենի, չեն լինում։ «Խանդի դրսևորումներ դեռ չեմ նկատել, ես էլ տեղիք չեմ տվել դրա համար։ Հուսով եմ՝ չեն էլ լինի»,- ասաց երգիչն ու հավելեց, որ ինքն էլ կնոջը խանդելու առիթներ չի ունեցել, այդ զգացումն իրենց հարաբերություններում տեղ չունի։

Գուրգեն Դաբաղյան

Ամուսնությունից հետո հանրային դառնալը, ըստ Գուրգենի, դուր է գալիս Իննային։ «Մինչև ամուսնությունը նա գիտեր՝ ում հետ է շփվում, հասկանում էր, որ հետագայում ինքն էլ է հանրային դառնալու։ Կարծում եմ՝ իրեն դուր է գալիս այս կարգավիճակը։ Ես մտադիր չէի միշտ գաղտնի պահել մեր հարաբերությունները, պարզապես մինչև ամուսնությունը չէի խոսում, քանի որ հարսանիքն է համարվում զույգի պաշտոնական միացումը։ Չէի ուզում նախապես խոսել, աղմուկ բարձրացնել, քննարկման առարկա դարձնել մեր կյանքը»,- ասաց նա։

Գուրգեն Դաբաղյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել