Հանրապետական մարզադաշտի տնօրինությունը 15 տարի շարունակ թաքցրել է 700 միլիոն դրամի շրջանառություն (Տեսանյութ)
Հանրապետական մարզադաշտի տնօրինությունը 15 տարի շարունակ թաքցրել է 700 միլիոն դրամի շրջանառություն։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։
Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ վաճառքի տոնավաճառ և ծաղկի առևտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160․000-ական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 849․600․000 դրամ, որից ձևակերպվել է ընդամենը 149․519․905 դրամ։
Այս կերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։ Բացի այդ, լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետտուրքի մասով պետությանը պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10․000․000 դրամի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը անհատ ձեռնարկատիրոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի հիման վրա անհատ ձեռնարկատերը նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով ծաղկի մեծածախ վաճառք։
Այս դեպքում լիցենզիայի համար նախատեսված պետտուրքի մասով պետությանը պատճառվել է խոշոր չափերի 2․000․000 դրամի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել անձինք, որոնց միջոցով էլ 2018-ի օգոստոսից հիշյալ անհատ ձեռնարկատերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա քննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։