Ազատ խոսք

«Առաջին անգամ հրապարակային եմ դարձնում, որ Նարեկ Մութաֆյանը եղել է իմ վրա հարձակվողներից մեկը». Ստյոպա Սաֆարյան

«Առաջին անգամ հրապարակային եմ դարձնում, որ Նարեկ Մութաֆյանը եղել է իմ վրա հարձակվողներից մեկը»։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արման Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ պարոն Էդուարդ Մարտիրոսյանին

Մեծարգո պարոնայք,

Ինչպես ձեզ հայտնի է, ս.թ. սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամը 22:40-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալիս, իմ բնակարանի մուտքի մոտ դարանակալած երկու անձնավորության կողմից ենթարկվեցի ավազակային հարձակման, և, հանցագործները, խուճապի մատնվելով, ձեռքիցս առևանգեցին Iphone 8 մակնիշի հեռախոսը, դիմեցին փախուստի: Որքան էլ երկու ձեռքերս զբաղված էին տան համար կատարված գնումների պարկերով, հասցրեցի միացնել հեռախոսի էկրանի լույսերն ու ֆիքսել երկուսի դեմքերն էլ: Մինչ այդ էլ՝ կիսամթության մեջ, հենց շենքի մուտքի մոտ, չափազանց մոտ՝ նվազ քան 1 մետր տարածության վրա, ֆիքսել էի նրանցից մեկին՝ պրոֆիլով կանգնած: Այնուհետև, նրանց հետապնդել եմ մինչև ներքևի շենքի մոտակայք, որտեղից փախուստի դիմեցին:

Հանցագործության կապակցությամբ անմիջապես դիմել եմ ՀՀ ոստիկանություն, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ: Այն միավորվել է նույն օրն իմ անձնական փոստերով ստացված սպառնալիքների կապակցությամբ հարուցված ևս 2 քրեական գործերի հետ, որոնցով տվել եմ բացատրություններ ու տրամադրել ինձ հայտնի տեղեկատվությունը: Հարձակումից 1 օր անց թե՛ իմ արձանագրած դեմքերով, թե՛ նաև հասու դարձած տեսանկարահանումներով Ոստիկանությանը հայտնել եմ իմ հիմնավոր կասկածները հանցագործների ինքնության մասով: Ի դեպ, հենց հաջորդ օրը մեզ հայտնի ու հասու է դարձել փախուստի դիմած հանցագործների առնվազն 3 տեսանկարահանում՝ տարբեր դիրքերից:

Հաջորդած օրերին իմ սեփական հետաքննությունը բացահայտեց, որ հիշյալ երկու հանցագործները միայնակ չեն գործել և ունեցել են մինչև 7-8 աջակիցներ, պատվիրատուներ, որոնք հուշել են իմ գտնվելու վայրերը, երթուղին, նրանց օժանդակել հանցագործության վայրի անմիջական հարևանությամբ:

Այս ընթացքում իրականացված մեկ այլ մասնավոր հետաքննություն բացահայտեց հանցագործության ողջ սխեման ու կատարողներին՝ ամենայն մանրամասնություններով: Այդ մանրամասնություններից մեկը վերաբերում է հանցագործության նախապատրաստությանը, համաձայն որի՝ հանցավոր խումբն ընդհուպ պարզել է, որ հանցագործության նախորդ օրերին ես եղել եմ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի իմ տանը, և, ըստ էության, պլանավորել են այդ ամենն իրականացնել այնտեղ: Սակայն, նրանց պլանները փոխվել են, երբ ես բոլորի համար անակնկալ եկել եմ Երևան ու նրանք հարկադրված են եղել հանցագործությունը կատարել Երևանի իմ տան մոտ:

Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզի իմ բազում համագյուղացիներ և ընկերներ ֆիքսել են սև ավտոմեքենայի առկայություն իմ տան մոտակայքում ու թաղում, որի անձնակազմի անդամներից մեկը՝ Նարեկ Մանթաշյանը, փորձել է տեղեկություններ հավաքել իմ և ընտանիքիս վերաբերյալ, հընթացս տեղազննելով նաև տունը: Այս ամենը պատահականություն չեմ համարում Ոստիկանության՝ ինձ համար անհասկանալի գործելակերպի խորապատկերին: Վերջին 2 շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում իմ պասիվությունը, հավանաբար, մեկնաբանվել է որպես Տավուշում գտնվելու փաստ, քանի որ այնտեղ է, որ ես դադարեցնում եմ որևէ հասարակական-քաղաքական ակտիվություն, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Այդպես է եղել նաև սեպտեմբերի 6-ին նախորդած շաբաթը, երբ ես կրկին Տավուշում էի, և ինչպես նշեցի, համաձայն մեզ հայտնի դարձած տեղեկատվությամբ, խումբը հանցագործությունը պլանավորել է կատարել Տավուշում:

Այս մեկ և ավելի ամսվա ընթացքում Ոստիկանությունը շատ սիրալիր ինձ միայն հայտնել է, թե լայն թափով աշխատում են, աշխատանքները շարունակվում են, սակայն նշված հանցագործության մեջ կասկածվող անձ ձերբակալված չէ: Ավելի ստույգ, առաջին անգամ հրապարակային եմ դարձնում, որ դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդողներից ու սպառնացողներից Նարեկ Մութաֆյանը եղել է իմ վրա հարձակվողներից մեկը, ում դեմքը ֆիքսել եմ ու նույնականացրել: Սակայն, նրան առաջադրված մեղադրանքների մեջ չկա իմ վրա կատարված ավազակային հարձակումը: Ես երկրորդ հանցագործի անունն այժմ չեմ նշելու, թեպետ բոլոր կասկածյալների մասին հենց երկրորդ օրը հայտնել եմ ՀՀ ոստիկանությանը: Ակնհայտորեն, մի հանցագործության համար անպատժելիությունը բերել է նրան, որ խումբը մտմտում է մեկ այլ հանցագործություն, կամ նրանց դրդում են մեկ այլ հանցագործության:

Պատահական չէ, որ դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելուց ու Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելուց հետո Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այցելել է նրանց բնակարաններ, աջակցություն հայտնել նրանց գործողություններին… Թե ինչ կարգի, այս պահին չեմ հրապարակայնացնի:

Այժմ, երբ ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հայտնի խմբակը կրկին հայտնվել է իմ տան մատույցներում, ստիպված եմ ենթադրել, որ կամ Ոստիկանության կարողությունները բավարար չեն տեսագրված, հստակ նույնականացված կատարողներով հանցագործության բացահայտման համար, կամ Ոստիկանության մեջ կան աշխատակիցներ, որոնք շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ, կամ ինչ-որ կապերով կապված են խմբի հետ…

Որն էլ որ լինի այս ֆենոմենի բացատրությունը, ակնհայտորեն Ոստիկանությունը չի շտապում բացահայտել մի հանցագործություն, որն ինձ համար այլևս բացահայտված է, որի դրդապատճառները քաղաքական են, կապ ունեն իմ և քրոջս՝ Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունեության հետ, և հանցագործություն կատարողների խմբի մի մասը դեռևս ազատության մեջ է ու, ենթադրաբար, շարունակում է տարբեր հնարքներով նոր հանցագործության պլանավորել: Ես տակավին տեղյակ չեմ Տավուշի մարզի իմ տան վիճակից, քանի որ գտնվում եմ Երևանում ու չեմ բացառում, որ խումբը մուտք գործած լինի այնտեղ: Եթե Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անկարող են բացահայտել հանցագործությունը, խուսափում են առերեսում կազմակերպել իմ և կալանավորված հանցագործի միջև, կալանավորել ու առերեսել մյուսներին, ապա պարտավոր է ապահովել իմ և քրոջս Սեդա Սաֆարյանի և մեր ընտանիքների անվտանգությունը:

Այսպիսի տեմպերով ու որակներով, ցավով պետք է արձանագրեմ, ՀՀ իրավապահ մարմիններն ունակ չեն ավելի բարդ հանցագործություններ բացահայտել: Սույն տողերը գրում եմ մեծ ցավով ու ափսոսանքով, և ակնկալում եմ բացատրություններ այս իրավիճակի համար, թե ինչու առկա տեսանյութերի, իրականացված այլ միջոցառումների արդյունքում հնարավոր չէ պարզել այն, ինչը մենք վաղուց ենք պարզել՝ սկսած վճարման մեխանիզմից, պատվիրատուից մինչև կատարողներ ու օժանդակողներ:

Ցավալիորեն, այս ամենի արդյունքում տուժում է նաև Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը, քանզի հենց հանցագործության հաջորդ օրերին ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպությունները, նրանց թվում՝ ԵՄ պատվիրակությունը, ՀՀ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին, հույս հայտնելով, որ հանցագործությունը շուտափույթ բացահայտում կունենա, կատարողներն էլ կպատժվեն:

Զավեշտն այն է, որ նույն Նարեկ Մութաֆյանը, ով կալանավորվել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետապնդման մեղադրանքով, նախկինում մասնակից է եղել միջազգային թմրաբիզնեսի գործով, որի համար ազատվել է որևէ պատասխանատվությունից, թեպետ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Վերջում հատկապես դիմում եմ մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ հույսով, որ նա բացատրություններ կպահանջի ՀՀ դատախազությունից և դատարաններից այս և մատնանշված այլ տարօրինակ փաստերի կապակցությամբ: Ինչպես համոզվում ենք՝ մի անպտաժելի մնացած հանցագործությունը ծնում է նոր հանցագործություններ, իսկ հանցագործներն էլ ընդդիմադիր քաղաքական գործունեության քողածածկույթի տակ նորանոր հանցագործություններ են կատարում»:

Կիսվել