965 հազար դրամ՝ տեղակալներին, 840 հազար դրամ՝ մամուլի քարտուղարին. Մարությանի հերթական ճոխ պարգևատրումները
«Հրապարակը» գրում է․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական ճոխ պարգևատրումները, որոնք հատկացրել է քաղաքապետարանի աշխատակիցներին։ Հոկտեմբերի 9-ի կարգադրությամբ Մարությանը ավելի քան 60 մլն դրամի պարգևավճար է հատկացրել քաղաքապատերանի 120 աշխատակցի, որոնցից ամենաբարձր պարգևավճարի արժանացել են իր տեղակալները։
Նշենք, որ սա այս տարվա երրորդ դեպքն է, որ Կարգին Հայկոն նման խոշոր պարգևավճարներ է հատկացնում, ընդ որում՝ ամեն անգամ նախորդից ավելի շատ։ Եվ որքան էլ նրանց քննադատում են, Հայկոն ու իր թիմը, մեկ է, այդ ամենի վրա թքած ունեն՝ նրանք շարունակում են երեսները պնդացրած՝ իրենք իրենց պարգևատրել, այն էլ նման խոշոր գումարներով։ Կարճ ասած՝ քաղաքապետարանում երևի որոշել են ոչ մի կերպ հետ չմնալ կառավարության անդամներից բյուջեի հաշվին հարստանալու մոլուցքից։
Եվ այսպես, քաղաքապետի բոլոր չորս տեղակալները՝ Հրաչյա և Հայկ Սարգսյանները, Տիգրան Վիրաբյանը, ով փափագում է Դառնալ Գյումրու քաղաքապետ ու Սերգեյ Հարությունյանը, Գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը «շատ լավ աշխատելու համար» ստացել են ամենաբարձր «պրեմիան»՝ 965 հազարական դրամ։ Այսինքն՝ բոլորը նույն չափով են «շատ լավ աշխատել», բայց, չգիտես ինչու, երևանցիները դա իրենց մաշկի վրա առանձնապես չեն զգում։
Մեծ գումարներ են ստացել նաև թաղապետներն ու վարչության պետերը՝ 840 000ական դրամ։ 840 հազար դրամ է ստացել նաև Հայկ Մարությանի անհաջող խոսնակը, իր անբարեկիրթ վարքագծի պատճառով մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվող ու ֆեյսբուքում «խնչած ունեցող» Հակոբ Կարապետյանը։ Նրան երևի պարգևատրել են «ֆեյսբուքում» Հայկոյի թասիբին նախորդից էլ ավելի լավ կանգնելու և լրագրողների հետ էլ ավելի «դուխով» կռիվ տալու համար։
Քաղաապետի խորհրդականներ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը ևս 840 հազարական դրամ են ստացել։ Փոխարենը ընդամենը 358 հազար դրամ է ստացել քաղաքապետի մյուս խորհրդական Գրիգոր Զաքեյանը։ Նրա խորհուրդները երևի քաղաքապետ Հայկոյին չեն բավարարել։ Նշենք, որ այս բոլոր թվերը նախորդ անգամվա պարգևավճարներից զգալի բարձր են։
Պարգևատրումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված նկարում։
Աղբյուր՝ hraparak.am