Այդ հարցը փակված է․ Ստեփան Դեմիրճյանը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման մասին
Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հստակ հասարակական պահանջ կա: Այդ հարցը փակված է․ Յուրի Բախշյանին նվիրված «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ցուցադրությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Հիշեցմանը՝ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, Ստեփան Դեմիրճյանը կարճ արձագանքեց՝ այդ հարցը փակված է. դրա մասին արդարադատության նախարարն ասաց:
Մյուս հարցին՝ ինչքանո՞վ եք հնարավոր համարում Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումը, կան տեղեկություններ, որոնք իրավաբանները պետք է ստուգեն գործի վերաբացումը վերանայելու համար, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց.
«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հասարակական պահանջ կա: Նույնիսկ այսօր՝ 20 տարի անց, այդ պահանջն էլ ավելի է ուժեղացել, քանի որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունները բացահայտում են պետության դեմ հանցագործությունները, ակնկալում են, որ ամեն ինչ կարվի նաև հոկտեմբերի 27-ի լիարժեք, ամբողջական բացահայտման համար. հասարակական պահանջ հստակ կա»:
Այն հարցին՝ Նաիրի Հունանյանն ունի՞ ասելու բան, Ստեփան Դեմիրճյանն այսպես արձագանքեց. «Ես խնդրում եմ՝ այդ հարցերն ինձ մի տվեք»:
Աղբյուր՝ aravot.am