Ռուսաստանում զինծառայողը գնդակահարել է ծառայակիցներին․ ութ զինծառայող տեղում մահացել է
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի զորամասերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամկետային զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին։ Կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։
Նախնական տվյալներով՝ զոհվել է 8 զինծառայող, վիրավորվել` 3։ Այս թվերը, սակայն, արագ աճում են, քանի որ դեպքը թարմ է, դրա մասին տեղեկությունները թարմացվում են։
Իրավապահները արդեն ձերբակալել են հրաձիգին։ Նրա դրդապատճառների մասին առայժմ չի նշվում։
Միջադեպը եղել է զորամասի պահակախմբի հերթապահ խմբի փոխարինման ժամանակ։ Նորոգման տեխնիկական բազայի ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված հրազենով կրակ է բացել ծառայակիցների վրա։
Նրանցից ութը տեղում մահացել է (թեև ռուսական ՊՆ-ն ի սկզբանե հերքել է զոհերի մասին տեղեկությունները)։ Եվ մի քանի զինծառայող վիրավորվել է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նախնական վարկած է շրջանառել, ըստ որի, հնարավոր է, զինծառայողի մոտ նյարդային խանգարում է եղել անձնական խնդիրների պատճառով։ Դեպքի վայր է մեկնել հատուկ հանձնաժողով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անդրեյ Կարտապոլովի ղեկավարությամբ։
Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի հարևանությամբ գործում է ռուսական բանակի երկու զորամաս՝ հրետանային և վերջերս բացված հրթիռային։ Երկրորդը զինված է «Իսկանդեր» հրթիռային համակարգերով։
Աղբյուր՝ shantnews.am