«Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ Փաշինյանի իշխանության գալուն»․ Արա Բաբլոյան
Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով իրեն, որպես կասկածյալ ներգրավելու ՀՔԾ-ի որոշումը։
«Քննություն է գնում և ես իրավունք չունեմ որևիցե բանի մասին խոսել։ Ես ամեն ինչ արել եմ օրենքի և Սահմանադրությանը համապատասխան»,-ասաց նա։
Բաբլոյանը խոստովանեց, որ մի քիչ նեղված է իրավապահ մարմիններից․ «Իմ հարցաքննությունը չուներ որևիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։ Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ և անձամբ գնացի հարցաքննության»։
Բաբլոյանը նշեց, որ այդ ընթացքում իրեն փոխարինել են իր գործընկերները, իսկ ինքը հարցաքննությունից հետո եկել և շարունակել է վիրահատությունը։