37 տարեկանում մահացել է դատախազ Հեղինե Բադալյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ տևական հիվանդությունից 37 տարեկանում մահացել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Սարգսի Բադալյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Այդ կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը.
«Խորը ցավով տեղեկացա մեր սիրելի գործընկեր, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Բադալյանի անժամանակ մահվան մասին:
Չափազանց ծանր եւ դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավելեւս գործընկերոջ կորստի դեպքում:
Իր մարդկային նկարագրով, համեստությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Հեղինե Բադալյանը վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը: Նա մշտապես աչքի է ընկել իր պարտականությունների կատարմանը, իր առջեւ դրվող խնդիրներին մեծ պատասխանատվությամբ մոտենալու հատկությամբ, անխոնջ, անտրտունջ աշխատանքով, բարեխճությամբ ու հոգատարությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունում, իր հետ աշխատած, իրեն ճանաչած մարդկանց սրտերում Հեղինե Բադալյանը լույսի շող, ջերմություն, բարություն եւ թանկ հուշեր թողեց, ինչպես նաեւ դառը կսկիծ՝ իր չվայելած երիտասարդության, կյանքի եւ կիսատ թողած երազանքների համար:
Անձամբ իմ եւ ՀՀ գլխավոր դատախազության ողջ անձնակազմի կողմից ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ հարազատներին, ընկերներին, մտերիմներին այս անդառնալի, խիստ անժամանակ եւ ծանր կորստի համար: Համբերություն ու տոկունություն եմ մաղթում այս դժվարին պահին»: