Քրդերն ու թուրքերը զանգվածային ծեծկռտուք են սարքել Գերմանիայում
Քրդերն ու թուրքերը զանգվածային ծեծկռտուք են սարքել Գերմանիայում: Գերմանիայի Հերնե քաղաքում ավելի քան 60 մարդ է մասնակցել քրդերի և թուրքերի միջև զանգվածային ծեծկռտուքին: Այս մասին հաղորդում է Die Welt-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Հյուսիսային Ռայն-Վեսթֆալիա դաշնային հողում: Մասնակիցները մահակ և ձողեր են օգտագործել, նրանցից մեկը ձեռքին դանակ է ունեցել, բայց սառը զենք չի օգտագործվել: Կռվի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Բախումը ժամանակին դադարեցվել է ոստիկանության միջամտության շնորհիվ:
Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է նույնականացնել մի քանի մասնակցի, բայց ոչ ոք չի ձերբակալվել: Այս դաշնային հողում անցած շաբաթվա ընթացքում մի քանի բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև:
Թուրքերի և քրդերի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին:
Աղբյուր՝ shantnews.am