ՀՀ նախագահը Տիգրան Առաքելյանին հետմահու պարգևատրեց մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան Տիգրան Առաքելյանին հետմահու պարգևատրել է մեդալով.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 03։40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։
Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։
Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր։