Մամուլ

«Երկու մեքենա եմ ունեցել, հիմա մի մեքենա ունեմ, որևէ բան չի ավելացել». Հրաչյա Հակոբյան

«Երկու մեքենա եմ ունեցել, հիմա մի մեքենա ունեմ, որևէ բան չի ավելացել»։ Քննադատություններ կան, որ նոր իշխանական պատգամավորներն արդեն հասցրել են լավ էլ իրենց ֆինանսական հարցերը լուծել, հողատարածքներ են ձեռք բերել, ունեցվածք:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հարցրեց՝ դուք այս ընթացքում՝ հեղափոխությունից հետո, ի՞նչ կալվածքներ եք ունեցել, հարստություն, ոսկի, գույք, բարձի տակ փող… ինչքա՞ն եք հասցրել կուտակել:

Նա պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կուտակել: Հայտարարագիրս հրապարակված է: Այն, ինչ ունեցել եմ, չի ավելացել միանշանակ: Ավելին՝ երեւի ինչ-որ բաներ պակասել են: Չեմ բողոքում: Երկու մեքենա եմ ունեցել, հիմա մի մեքենա ունեմ, որեւէ բան չի ավելացել՝ կալվածքներ…ու չի էլ ավելանա: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այսօր խոսում են նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի տղան, օրինակ, խոսում է, որ աշխատել ենք եւ ձեռք ենք բերել այսքան միլիոն դոլար:

Ես վստահեցնում եմ, որ ես էդքան չեմ աշխատելու, ես չեմ կարող աշխատել այդքան միլիոն դոլար 10 տարվա մեջ, որովհետեւ ակնհայտ է, որ դա աշխատանքի արդյունքում չի եղել: Վարչապետն էլ ասաց՝ պարզ տրամաբանություն է, ինչո՞ւ մինչեւ 1998-ը նրանք այդքան չէին կարողանում աշխատել, կամ ինչու հիմա չեն կարողանում ավելացնել:

Ստացվում է, որ միակ բիզնեսմենները, միակ տնտեսագետները, միակ խելոք, ճկուն աշխատացնողները Հովիկ Աբրահամյանի տղան էր, Ռոբերտ Քոչարյանի տղան էր, Սերժ Սարգսյանի փեսան էր: Մնացածը էդքան գիտելիք չունեն հա՞ երեւի, անբաշար են:

Ես հիմա համարում եմ, որ էդ անբաշարներից եմ ու 10 տարի հետո, երբեւէ չեմ ասի, որ ես ունեմ այսքան միլիոն դոլար: Չի՛ լինի նման բան: Ես աշխատում եմ, ստանում եմ աշխատավարձ, այդքանը»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել