Մամուլ

«Հայելի» ակումբի միջադեպի գործով 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել

«Հայելի» ակումբի միջադեպի գործով 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի և լրատվության բաժնից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել