Նորածնին աղբամանը նետած կնոջը համաներում է շնորհվել
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը համաներումով կարճել է Մեծամոր քաղաքում մահացած նորածնին աղբամանը նետած 38-ամյա կնոջ գործը: Կնոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 106 հոդվածով:
Դատական նիստում ամբաստանյալը միջնորդել է Համաներման Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի ուժով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։
Գործով դատախազը չի առարկել, դատարանն էլ Վահե Խալաթյանի նախագահությամբ կարճել է քրգործը և դադարեցրել քրեական հետապնդումը:
Հիշեցնենք՝ 38-ամյա կինը հղիացել էր 2017թ. ամռանը։ Երեխայի ծնունդը եղել է անցանկալի։ Ընտանիքի սոցիալական ծանր վիճակի և արդեն իսկ ունեցած 4 երեխաներին պահելու միջոցներ չունենալու պատճառով 2018թ.-ի փետրվարին ծննդաբերել է տան պայմաններում։
Ծննդաբերության ժամանակ նորածինն ընկել է լոգարանի սալիկապատ հատակին և մահացել: Մայրը երեխայի դին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և նույն օրը գցել Մեծամորի շենքերից մեկի աղբամանի մեջ։
Այս ողջ տեղեկությունը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: