Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի եւ Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր
Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի եւ Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր: Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին:
«ՄԵՐ ՄՈՒՇԵՂԸ…
Սիրելիներ,
Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադար առե՛ք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն և ընտանիք:
Խնդրում եմ լռե՜ք, դադար առե՜ք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն… Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին..
Մուշեղը՝ Տավուշեցի հինգերրորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով և պատվով, խոնարհ սրտով և աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ և ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը և մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին…
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները:
Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի և Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր, սիրելի Հայրենիքի ու Հավատքի պաշտպան…Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը մեզ…
Խոնարհումով, արցունքով և աղոթքով
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)»: