Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ Քոչար Խաչատրյանը
Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը՝ Քոչար Խաչատրյանը, ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական միջոցների վատնման մեջ։
2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժինը հաղորդում է ստացել, որ 2016-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները: Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:
ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:
Ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000 – 40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:
Նա, մասնավորապես, 2015-2016թթ. ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն` նրանց է փոխանցել 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ» ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:
Սակայն ՍՊԸ տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված՝ ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ։ Արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակաով, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:
2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ձերբակալվածը՝ Քոչար Խաչատրյանը, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է:
Հիշեցնենք՝ Լիլիթ Մակունցը երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադրեցնելու փաթեթն արդեն պատրաստ է։