Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բակո Սահակյանին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ եւ հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի:
Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին եւ հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի եւ գնահատանքի:
Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաեւ կանոնավոր բանակի ձեւավորման, Արցախի Հանրապետության կայացման եւ
արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում:
Այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում եք Ձեր առաքելությունը` կարեւորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ եւ արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան, որում ես Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»: