Քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, գործ ունենք ընտրովի արդարադատության հետ․ Արման Բաբաջանյան
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։
««Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն»: Սա մեջբերում է դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Ազգային Ժողովում Մարտի 1-ի վերաբերյալ ելույթից: Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը ամենայն մանրամասնությամբ, փաստարկված ու հիմնավոր կերպով ներկայացնում էր, որ Մարտի 1-ի թիվ մեկ շահառուն Սերժ Սարգսյանն է, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի սպանդն իրականացրել է Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու նպատակով:
Այդ ելույթից անցել են տարիների, փոխվել են ժամանակներն ու դերակատարները, Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է, գտնվում է բանտում, իսկ Սերժ Սարգսյանը… վայելում է թավշյա ազատությունը: Այդ վայելումի ամեն մի օր հասարակության մեջ միանգամայն արդարացիորեն ավելացնում է տարակուսանքն առ այն, որ ինչ-որ բան այնպես չէ:
Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի փարատում այդ կասկածները, որովհետև փարատելու միայն մեկ ճանապարհ կա՝ պատասխանատվության, քրեական պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի, ինչպես ինքն էր հայտարարում, թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանին: Վերջինս սակայն, կրկնում ենք, վայելում է ազատությունը և զբաղված է կուսակցական աշխատանքով: Բադեն-Բադենյան շրջագայություններից ազատ ժամանակ, բնականաբար:
Մարտի 1-ի վերաբերյալ BBC-ի վերջին աղմկահարույց հրապարակումը որոշակիորեն նոր լույս սփռեց այդ իրադարձություններին, թեև, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, բրիտանական լրատվամիջոցի ներկայացրած տեղեկությունների մեծ մասը հայտնի էր հայ հասարակությանը: Այդուհանդերձ հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու մասնակցության վերաբերյալ կրկին վեր հանեց Մարտի 1-ի իրադարձություններին ղարաբաղյան զինված ուժերի մասնակցության հարցը: Հարց, որը չափազանց բազամաշերտ է և ենթադրում է պատասխանատվության ենթարկվելիք պաշտոնյաների մեծ շրջանակ:
Օրերս մամուլում հրապարկված ցուցմունքում Սամվել Կարապետյանը՝ հերքելով նյութում ներկայացված մի քանի դրվագներ, այդուհանդերձ հաստատում է, որ փետրվարի վերջին, մարտի սկզբին Ղարաբաղից Հայաստան են բերվել 700 զինծառայողներ՝ սպաներ և ենթասպաներ: Այս խոստովանությունը պետական դավաճանությանը հավասար խոստովանություն է, քանի որ ստացվում է, որ Հայաստանի ներքին խնդիրների լուծման, ՀՀ քաղաքացիներին ճնշելու համար առաջնագծից հեռացվել է 700 սպա և ենթասպա՝ ռազմաճակատն ըստ էության թողնելով անպաշտպան:
Եվ պատահական չէ, որ նույն ցուցմունքում Սամվել Կարապետյանը հիշատակում է մարտի 3-4-ին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիայի մասին, որի արդյունքում մենք դիրք ենք կորցրել ապա վերադարձրել: Այսպիսով, նրա ցուցմունքով հաստատվում է, որ Երևանում խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու նպատակադրումով առաջնագիծը թողնվել է առանց առնվազն 700 սպաների ու ենթասպաների: Ովքե՞ր են պատասխանատվություն կրելու դրա համար, ո՞ւմ քաղաքական հավակնությունները բավարարելու նպատակով է առաջնագիծը թողնվել անպաշտպան:
Այո, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր վերը նշված ելույթում իրավացիորեն պնդում՝ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, վերջինիս և Սամվել Կարապետյանի միջև կա որոշակի առանձանահտուկ մտերմություն ու կապ: Պայմանական սահմանմամբ Սամվել Կարապետյանը համարվում է ղարաբաղյան զինվորականության՝ Սերժ Սարգսյանին հավատարիմ թիմի ներկայացուցիչներից մեկը: Այսինքն՝ Կարապետյանը Երևանում ղեկավարել է Ղարաբաղից բերված զորագունդը ոչ միայն որպես ֆորմալ զինվորական, այլ նաև որպես Սերժ Սարգսյանի մտերիմ՝ ծառայություն մատուցելով վերջինիս՝ նախագահի պաշտոնը բռնազավթելու հարցում:
Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի առանցքային դերակատարներից է և պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության: Սակայն Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի ամենևին ոչ միակ պատասխանատուն է ու առավել ևս՝ ոչ միակ շահառուն: Նրա հետ հավասարապես պատասխանատվության պետք է ենթարկվի առաջին հերթին Սերժ Սարգսյանը, ով նախագահ է դարձել 10 զոհերի արյան գնով:
Քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ: Դա նաև մեծագույն անարգանք է Մարտի 1-ի զոհերի հիշատակի հանդեպ:
Հ.Գ. Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շուրջ վեց ամիս բնակվել է կառավարական ամառանոցներում՝ Սերժ Սարգսյանի հարևանությամբ: Որևէ ստույգ տեղեկություն չկա այն մասին արդյոք հանդիպել են կամ քանի անգամ են հանդիպել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, ասենք երեկոյան զբոսանքների ժամանակ:
Տեղեկություններ չկան նաև նրանց հնարավոր զրույցների ու պայմանավորվածությունների մասին: Փոխարենը կա փաստ՝ հեղափոխությունից մեկուկես տարի անց Սերժ Սարգսյանը ազատության մեջ է»: