Մամուլ

Սպան և օգնականը կաշառք են վերցրել զինակոչիկներին բժշկական կեղծ թղթեր տալու համար․ ԱԱԾ

Սպան և օգնականը կաշառք են վերցրել զինակոչիկներին բժշկական կեղծ թղթեր տալու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում,  2000-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:

Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 3 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից:

Կիսվել