Փաշինյանը աշխատանքից ազատել է Արսեն Թորոսյանի հետ խնդիրներ ունեցող՝ տեսչության պետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական բաժնից: Վարչապետի ստորագրած որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։
Նշենք, որ օգոստոսի 2–ին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը ասուլիսում հայտարարել էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարաբերություններում «որոշակի լարվածություն» կա։ Նրա կարծիքով ՝ բոլոր խնդիրների արմատը թաքնված է այս ոլորտում կատարված լուրջ փոփոխությունների մեջ. բարեփոխումների արդյունքում տեսչական մարմինները դարձել են անկախ և դադարել ենթարկվել լիազոր մարմիններին և նախարարություններին, և սկսել վերահսկել նրանց աշխատանքը:
Խոսելով հնարավոր հեռացման մասին ՝ Խուրշուդյանը նշել էր, որ աշխատանքից ազատվելու մասին ոչ խոսք չի եղել, և որ նա շարունակում է աշխատել եւ կաշխատի մինչեւ վարչապետից համապատասխան հրաման ստանալը, եթե, իհարկե, այդպիսի հրաման լինի։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր՝ Առողջապահական խորhրդի նիստին, որի նախագահը նախարար Արսեն Թորոսյանն է, հունիսի 11-ին բանավեճ է տեղի ունեցել Արսեն Թորոսյանի և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև։
Ըստ թերթի, Թորոսյանը վրդովված է եղել, թե ինչու է տեսչական մարմնի ղեկավարը տուգանել իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, իսկ երբ Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն։ Խոսքն այն մասին է, որ Վահե Տեր-Մինասյանը գարդասիլի պատվաստանյութի գովազդ է արել եթերում։