Սևանի կամրջի տակ տեղադրաված պայթուցիկը հեռակառավարվել է ռեստորանային համալիրից. նոր մանրամասներ. Տեսանյութ
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթևեկած «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնելու։
Ոստիկանության ծառայողները դեպքի վայրի հարակից տարածքում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ կամրջի տակ տեղադրաված պայթուցիկը հեռակառավարվել է դեպքի վայրի հարևանությամբ գտնվող, չգործող ռեստորանային համալիրից։
Շինության սենյակներից մեկում կատարված զննությամբ՝ հայտնաբերվել են պայթյունը հեռակառավարելու համար նախատեսված տեխնիկական միջոցներ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի հատկանիշներով։
Ոստիկանության, ԱԱԾ և քննչական կոմիտեի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնության վերաբերյալ։
Դեպքից մի քանի ժամ անց մայրաքաղաքում հայտնաբերել ու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք ձերբակալվել են։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։