Քաղաքականություն

«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ քուանշ, պարո’ն գլխավոր դատախազ»․ Արփինե Հովհաննիսյան

«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ քուանշ, պարո’ն գլխավոր դատախազ»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։

«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում ՔՈՒԱՆՇ, ՊԱՐՈ’Ն ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ

Խնդրում եմ ներողամտորեն վերաբերվել իմ բառամթերքի մեջ չտեղավորվող այս բառակապակցությանը, սակայն չեմ կարող չմեջբերել եւ չհիշատակել «ժողովրդի վարչապետի» 2017 թվականի ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված այս բառակապակցությունը՝ իր ողջ ելեւէջներով։

Դատախազությունն այսօր անդրադարձել է ինձ նվաստիս ու փորձել «տեղը դնել»։

Կներեք, իհարկե, բայց ես այնքան պարապ չեմ, որպեսզի «անաչառության» ու գիտաֆանտաստիկայի ժանրից այլ երեւույթների մասին երկարաշունչ եւ լալահառաչ տեքստեր գրեմ՝ դարանակալելով սեփական խորհրդականի ֆեյսբուքյան էջում։ Դրա համար կլինեմ կարճ՝

Պարո’ն գլխավոր դատախազ, իրավունքի իմացությունը ընդհանրապես, իսկ եվրոպական պրակտիկայի իմացությունը մասնավորապես, Ձեզ պետք է թույլ տար իմանալու, որ քրեական դատավարության օրենսգրքի Ձեր մատնանշած 35-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ կա հարուցված քրեական գործ, սակայն մեղադրանք առաջադրված չէ եւ վաղեմության ժամկետներն անցել են, եւ այդ ժամանակ անձի առարկությունը պետք է դիտարկել մեղադրյալի առարկության կոնտեքստում, որպեսզի դա նշանակություն ունենա արդեն հարուցված քրեական գործը կարճելու եւ դեռեւս չառաջադրված մեղադրանքը չառաջադրելու առումով։

Այսինքն՝ Ձեր մատնանշված 35-րդ հոդվածի 6-րդ մասը առնվազն կիրառելի է այն դեպքերում, երբ արդեն կա հարուցված քրեական գործ մինչեւ վաղեմության ժամկետի լրանալը, իսկ եթե վաղեմության ժամկետը լրացած է, կա իմպերատիվ պահանջ քրեական գործ չհարուցելու, քանի որ, եթե չեք հարուցել հետեւաբար առերեւույթ հանցագործության հատկանիշները չեն կարող ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց թե հարցնեք անձի համաձայնությունը։

Տպավորություն է, որ մարդիկ ասում են «ժողովրդի դատախազ» խնդրում ենք գործը մի կարճի, քննի, աշխարհիս երեսին ամենամեծ պատիվն է, երբ ժողովրդի դատախազը գործ է հարուցում մեր նկատմամբ։ Իսկ եթե լուրջ` ուրիշների գիտելիքներին գնահատական տալուց առաջ լավ կլիներ, վերանայել սեփական իմացության շրջանակները։ Վճռաբեկ դատարանի նախադեպը խնդրում եմ չմեջբերել, բոլորս գիտենք դրա ճակատագիրը։

Հ.Գ. Չէ, իրոք դուք բան-գործ թողած ամբողջ աշխատակազմով վերլուծում ե՞ք նախկին պաշտոնյաներին ուղղված կոնյուկտուրային հարցադրումների ողջ նրբերանգները։

Դրա փոխարեն ավելի լավ է գործի լծվեք / չկարդալ գործ սարքել կամ կարել/, մի քիչ գիրք կարդացեք, որ ՄԻԵԴ-ում Ձեր որոշումների պատճառով խայտառակ չլինենք եւ ամեն անգամ ինտելեկտուալ հյուծում չստանանք ձեր «հսկած» իրավապահ համակարգի գործողությունների պատճառով:

Հիշեք նաեւ Ձեր իսկ խոսքը, որ ամեն մարդ պետք է պատասխան տա իր արածների համար։ Դուք բացառություն չեք լինելու»։

Կիսվել