Մամուլ

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից  խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել՝ իրացման շրջանառությունը հիմնականում հաշիվ-ապրանքագրերով  կազմակերպելու վերաբերյալ՝ սպառնալով հակառակ դեպքում բազմաթիվ ստուգողական բնույթի  միջոցառումներ իրականացնել՝ ըստ էության ստեղծելով գործունեության անտանելի պայմաններ:

Տնտեսվարողին անելանելի դրության մեջ դնելուց հետո՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք  ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու,  օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում թվացյալ խախտումներ չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու  համար պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչև 1.000.000 ՀՀ դրամի:

Պայմանավորված գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո պաշտոնատար անձինք բռնվել և բերման են ենթարկվել: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ,  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող  անձանց ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում նմանատիպ իրավիճակներում հայտնվելու դեպքում տեղի չտալ անօրինական պահանջներին և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համար­վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել