Հայ բժիշկները փրկել են գլխուղեղի կաթվածով 19-ամյա հղիի կյանքը
Հայ բժիշկները փրկել են գլխուղեղի կաթվածով 19-ամյա հղիի կյանքը։ Հայաստանում առաջին անգամ կատարվել է հղի կնոջ գլխուղեղի բաց վիրահատություն` տրեպանացիա: Դրան հաջորդել է կեսարյան հատումը: 19-ամյա կինը արու զավակ է ունեցել: Երկու վիրահատություններն էլ, չնայած մեծ ռիսկին, ավարտվել են հաջողությամբ:
«Էրեբունի» ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը պատմում է՝ 19-ամյա հղիի մոտ բժիշկներն ախտորոշել են մալֆորմացիա: Սա գլխուղեղի անոթների անեւրիզմա է, ինչն էլ 25 շաբաթական հղիության ընթացքում առաջացրել էր հեմոռագիկ ինսուլտ: Նրան հիվանդանոց էին տեղափոխել կոմային վիճակում:
Բժիշկները հենց այդ ժամանակ էլ կատարել են Հայաստանում դեռեւս աննախադեպ վիրահատություն` ռիսկի գնալով` թեեւ հաջողության շանսերը մեծ չէին, հակառակ դեպքում թե մոր, թե երեխայի կյանքը փրկել հնարավոր չէր լինի:
Բացվել է գլխուղեղը, հեռացվել հեմատոման: Նախապես հրավիրված նյարդավիրաբույժների կոնսիլիումին մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը: Իսկ արդեն վիրահատությունն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի կլինիկական ղեկավար Մամիկոն Եղունյանը եւ «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Վահրամ Համբարձումյանը:
Հղիի կյանքը փրկելուց հետո անհրաժեշտ էր պահպանել ու հսկել հղիությունը: Մեկ ամիս հոսպիտալացումից ու լուրջ հսկողությունից հետո հղին դուրս է գրվել` 28 շաբաթական ժամանակահատվածում: Պետք էր պտուղը հասցնել կենսունակ ժամանակահատվածի եւ կատարել հաջորդ վիրահատությունը: Այս անգամ արդեն` կեսարյան հատում:
Կար կրկնակի անեսթեզիայից առաջացող բարդությունների ռիսկ` հաշվի առնելով վիրահատությունների միջեւ ընկած կարճ ժամանակահատվածն ու հիվանդի խնդիրները: Սակայն այս թիմի աշխատանքը եւս հաջողությամբ է ավարտվել: Հղիության 34–րդ շաբաթում նրան նորից հոսպիտալացրել են եւ կեսարյան հատում կատարել: Այն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը եւ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը։ Եվ մայրը եւ երեխան լավ են:
Աղբյուր՝ news.am