Մամուլ

ՀՀ-ում ստեղծվել է վարչություն, որը ծառայելու է միասեռականների իրավունքների պաշտպանությանը

ՀՀ-ում ստեղծվել է վարչություն, որը ծառայելու է միասեռականների իրավունքների պաշտպանությանը։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կառուցվածքային փոփոխություններ է անում: Նոր կառուցվածքի նախագիծը, մեկ ամսից ավելի է, ինչ մուտք է արվել կառավարություն՝ կարծիքներ ստանալու նպատակով, բայց չի վերադարձվել: Հաստատումը ձգձգվում է, վարկած կա, որ ուշացման համար կաշկանդվածություն կա:

Համակարգի ներսում լուրջ մտավախություն կա, որ փոփոխված նախագիծը հրապարակայնացնելով՝ հասարակության շրջանում մեծ աղմուկ կբարձրանա: Բանն այն է, որ նոր կառուցվածքում նախարար Զարուհի Բաթոյանը գաղտագողի խցկել է ՀՀ-ում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում ձևավորվող «Հավասար հնարավորությունների ապահովման վարչությունը» քողարկված կերպով իրականում ծառայելու է միասեռականների իրավունքների պաշտպանությանը:

168.am-ի ձեռքին հայտնված կառուցվածքային փոփոխության նախագծում որոշակի բառախաղերով ձևակերպված վարչության անունն իսկապես կասկած էր հարուցում: Նախարարության՝ նոր կառուցվածքի մասին փաստաթղթում գրված է՝ այսուհետ ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի և նախարարության աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունները կմիավորվեն մեկ վարչության մեջ՝ 3 առանձին բաժիններ կազմելով:

Այսպես՝ 1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, 2. Տարեցների հիմնախնդիրների բաժին, 3. Գենդերային հավասարության և սեռական բռնության ենթարկված անձանց հիմնահարցերի բաժին:

Ընդ որում, նկատենք, «գենդեր» բառը, որ նախկին իշխանության ջանքերով բոլոր օրենսդրական ենթաօրենսդրական ակտերում, կառավարության որոշումներում փոխարինվեց կնոջ և տղամարդու հավասար իրավունքներ ձևակերպումով, այսօր անխնա գործածվել է նախարար Բաթոյանի պատկերացրած կառուցվածքում: Ստացվում է՝ Գենդերային հավասարության և սեռական բռնության ենթարկվածների հիմնահարցերով զբաղվող բաժինը՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների քաղաքականության մշակումը և դրանց իրականացման համակարգումն անելուն զուգահեռ՝ անուղղակիորեն ծառայելու է նաև ի նպաստ ԼԳԲՏ համայնքի ներկացուցիչների:

Այլ կերպ ասած՝ նոր կառուցվածքի հաստատվելու դեպքում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կպարտավորվի մեր երկրում ձևավորել նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջավայր: Ավելին, այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականություն կմշակվի, կարգավորող իրավական ակտեր կընդունվեն, օրենսդրական նախագծեր կմշակվեն:

Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ Սոցապնախարարությունը, փաստորեն, գաղտագողի պատրաստվում է ԱԺ աշնանային նստաշրջանին քննարկվելիք Ստամբուլյան կոնվենցիայի հաղթանակին: Փորձեցինք նախարարության լրատվական ծառայությունից մեր տեղեկությունները հաստատող կամ հերքող պարզաբանում ստանալ և մանրամասներ ճշտել, հատկապես, թե ինչու են կառուցվածքային այդ փոփոխությունները թաքուն կերպով անում, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Հուսանք, այս հրապարակումից հետո գոնե նախարարությունից կօգնեն մեզ, որպեսզի ստեղծվելիք վարչության կանոնադրության մասին հասարակությունը պատկերացում ունենա:

Հիշեցնենք, այս օրերին ամենուր քննարկվող Ստամբուլյան կոնվենցիան սեպտեմբերին սկսվող ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ պիտի հնարավորինս անաղմուկ վավերացվի ԱԺ-ում: Իշխանությունները ոչ միայն իրենց առջև խնդիր են դրել, այլև, ըստ կարծիքների՝ միաջազգային կառույցներում խոստացել են այն անցկացնել։

Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։ Հայ ավանդապաշտները համոզված են, որ վտանգավոր համարվող այս դրույթով կոնվենցիան հայ հասարակությանը դարձնելու է անպաշտպան և «այլասերման» է տանելու:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել