Մամուլ

Լրագրողը երթուղայինից իջեցրել է գրպանահատին և պահանջել վերադարձնել գողոնը․ ֆոտո

Լրագրողը երթուղայինից իջեցրել է գրպանահատին և պահանջել վերադարձնել գողոնը: Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանում գրպանահատները փորձել են երթուղայինում գումար գողանալ քաղաքացիներից.

«Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բարձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեբկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։

Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն արագ իջան, երեքից մեկը մնաց երթուղայինում, 1000 դրամանոց տվեց, թե բա՝ մյուսին պահի։ Էդ ընթացքում մի կին սկսեց հուզվել՝ վա՜յ, պորտմանս չկա, բժշկի էի գնում։ Ի՞նչ պիտի անի այս դեպքում միջին վիճակագրական քաղաքացին։ Երրորդ ընկերոջը նկարեցի ու իջեցրի տրանսպորտից, տուժածն էլ հետս։

Զանգեցի ոստիկանություն։ Ջեբկիրն արագ զանգեց ընկերներին, որ պորտմանը բերեն, հետ տան։ Ընթացքում սպառնում էր հեռախոսս ջարդել, բողոքում էր, թե յանի ինչի՞ եմ հասնելու, գործ տվող եմ, էս եմ, էն եմ, հայհոյում, սպառնում։ Ապշել էի, որ անցորդները, կանգառի մարդիկ դիտորդի նման զուտ որպես թատրոն նայում էին, չէին խառնվում։ Մինչ ոստիկանները կգային, ջեբկիրի ընկերը բերեց կնոջ դրամապանակը հետ տվեց։

Փողոցում մարդիկ սկսեցին ինձ ծափ տալ, հերոս ասել… Ես հերոս չեմ, ՀՀ քաղաքացի եմ, որը չի ուզում հանցագործների հետ ապրել նույն տեղում, իմ երեխաները չպետք է ապրեն էսպիսի անտարբեր, արատավոր հասարակությունում, որտեղ ուրիշի ցավը քո ցավը չի։

Հ. Գ. Հրապարակում եմ էդ երիտասարդների նկարները, որոնք փոխանցել եմ ոստիկանությանը»:

Կիսվել