Տղա ջան, ո՞վ է ձեզ թույլ տվել նման կերպ խոսել, ներողություն խնդրեք. Սամվել Գրիգորյանը՝ պատգամավորին․ Տեսանյութ
Տղա ջան, ո՞վ է ձեզ թույլ տվել նման կերպ խոսել, ներողություն խնդրեք: Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանին զայրացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը, որով պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ «Ժողովուրդ» օրաթերթը Սամվել Գրիգորյանի հետ զրուցել է նրա մտահոգությունների մասին:
-Պարո՛ն Գրիգորյան, մասնավորապես ի՞նչն է Ձեզ վրդովել պատգամավորի գրառման մեջ:
-Նախ՝ ի՞նչ է նշանակում «այսպես կոչված շոու-բիզնեսի ներկայացուցիչներ», ինչպե՞ս կարելի է մարդկանց դիմել նման կերպ կամ ինչպե՞ս կարելի է ասել` «առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարե՛ք»: Որքանո՞վ է այս բառապաշարը հարիր երիտասարդ տղային, այն էլ՝ ԱԺ պատգամավորին: Ինչպե՞ս կարելի է շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին հավասարեցնել եւ դիտարկել մեկ հարթության վրա, ո՞վ է նրան թույլ տվել նման կերպ խոսել մարդկանց հետ:
Դիմում եմ պատգամավորին՝ Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեք բոլոր շոուբիզնեսցիներից: Իմ պահանջը դա է: Եվ չփորձեք հետագայում այդկերպ որեւէ մեկի հետ խոսել: Այդպես խոսում են «բեսեդկաներում» եւ «գողական» աշխարհում: Գուցե պատգամավորն իր խոսքը պետք է ուղղեր կոնկրետ մարդկանց եւ չընդհանրացներ թեման:
-Հետաքրքիր է, որ Ձեր գործընկերները նույն ակտիվությամբ չարձագանքեցին պատգամավորի հայտարարությանը, ինչու՞:
-Դա զարմանալի է, կարծես հարմարվեցին այդ որակումների հետ: Պատգամավորն ասում է, թե շոուբիզնեսցիներին «ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել` բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»»։ Բայց, օրինակ հանդիսավարությունը մարդու մասնագիտությունն է, նրա աշխատանքը: Դա նույնն է, թե ասենք՝ ամոթ է, որ նախորդ իշխանությունների օրոք աշխատած բենզալցակայանները իշխանություններին մատակարարել են բենզին: Օրինակ` ես չեմ ուզում թաթախվել քաղաքականության մեջ, ես ծառայել եմ իմ ժողովրդին եւ ոչ մի կուսակցության դուռ մինչեւ օրս չեմ թակել:
Աղբյուր՝ armlur.am