Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության և սպասարկման մանրամասները
Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնության և սպասարկման մանրամասները։ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններներից մեկն էլ վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը:
Այս քայլով ընդլայնվել է մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնությունը և արտահիվանդանոցային ձևով իրականացվող առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանով հաստատված ցանկում ընդգրկված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում` այն բժշկական կազմակերպություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր:
Միևնույն ժամանակ, ընդլայնվել է ոչ միայն երեխաների տարիքային խումբը` մինչև 7-ից դառնալով մինչև 18 տարեկան, այլև բուժօգնության տեսակները` ներառելով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հիվանդանոցային բժշկական առանձին ծառայություններ, որոնք մինչ այդ վերը նշված խմբերին իրականացվում էին վճարովի հիմունքներով:
Մասնավորապես, գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի և աորտայի ներանոթային և բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը ( լիթոտրիպսիան) և այլն։
Հարկ է նշել, որ ներկայիս փոփոխությունները չեն վերաբերում ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններին և մասնագիտական բժշկական կենտրոններում`(հիվանդանոցներում) ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունների և խորհրդատվությունների վրա: Վերջիններս շարունակում են գործել մինչև 7 տարեկան, ինչպես նաև 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար:
Պետական պատվերի շրջանակներում մինչև 18 տարեկան երեխաների պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունը, արտահիվանդանոցային ձևով իրականացվող հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և մասնագիտական բժշկական կենտրոններում՝ ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտությունները և խորհրդատվությունները իրականացվում են երեխաներին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։