Մամուլ

Վրաստանի Ստեփանծմինդա գյուղի մոտ ծեծել են հայ վարորդների

Ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում ծեծել են հայ վարորդների։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը միջադեպը եղել է կենցաղային հողի վրա։

«Անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը»,–ասված է հայտարարության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների և ԱԳՆ հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն։

Կիսվել