Մամուլ

«Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի ՔՊԿ-ում:

Այնուհետ Սասուն Միքայելյանը բավականին անակնկալ կերպով չընտրվեց ՔՊ նոր վարչության կազմում՝ չնայած մինչեւ ԵԿՄ նախագահ ընտրվելը այդ կուսակցության վարչության գործող նախագահն էր:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նա նեղ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում իր պատգամավորական մանդատը «շպրտելու է դեմքներին»: Երեկ ողջ օրը պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց. նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել իրավասու անձանց հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ընդունարանից ասացին, որ զբաղված է (հանդիպման է): Մինչեւ թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ արձագանք չստացանք: Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ էր զբաղված:

ՔՊԿ վարչության կազմից հնարավոր եղավ կապ հաստատել միայն ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ, ով մասնավորաբար ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, չնայած կարծում եմ, որ անհեթեթություն է: Հարցին հստակ պատասխան կարող է տալ միայն պարոն Միքայելյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել