Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում. Բակո Սահակյանը համաձայնել է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. « Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում, Բակո Սահակյանը համաձայնել է։ Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։
Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր է դրել՝ Արցախի իշխանությունների շարքերից ազատվել բոլոր նրանցից, որոնք կարող են խոչընդոտել Արցախում իր պլանավորած հեղափոխությունն իրականացնելու գաղափարի իրագործմանը կամ Արցախյան հիմնահարցի կարգավորման իր «ծրագրին»։
…Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։ Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։
Ի վերջո, Բալասանյանի հրաժարականից հետո Բակո Սահակյանը կարող է հայտնվել բոլորովին միայնակ վիճակում, և չի բացառվում, որ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը պահանջի հենց Բակո Սահակյանի հրաժարականը՝ չսպասելով 2020 թվականին Արցախի նախագահի հերթական ընտրություններին։
Ի վերջո, նրա նպատակն է՝ հեղափոխությունն արտահանել Արցախ՝ թեկուզև պատերազմի մեջ գտնվող երկրի փորձառու հրամկազմին, իշխանությունների ներկայացուցիչներին վարկաբեկելու փորձերի գնով։ Արտահանում, որի հեռահար և բուն նպատակը դեռ վերջնականապես հրապարակայնացված չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: