Գյուղապետի թեկնածու առաջադրվածի անունը չգիտեմ նույնիսկ, սակայն եթե առաջադրում է մեկը, որին ազգովի ենք ընտրել, խոսքերն ավելորդ են
Արտավազդ Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրերս մամուլում հայտնված մի հոդվածի, որում Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը գյուղապետի թեկնածու է առաջադրել 8-ամյա կրթություն ստացած, 2 անգամ նույն դասարանում մնացածին։
«Որոշեցի հոդվածը չկարդալ, ուղղակի կասեմ՝ ինքս էլ մնացել եմ 9-րդ դասարանում երկրորդ անգամ։ 1965 թվականից մինչև 90 ականները, ամեն անգամ փողոցում հանդիպելիս, մոտերքում բնակվող դաստաուներիցս մեկը ասում էր՝ – պարոն Եղոյան (սովետի տարիներին պարո՛ն…), դուք մարդ չեք դառնա…։ Թէ ինչու էր այդպես ասում, անդրադառնալու կարիք չկա։
Շնորհիվ նրա, ես կորցրեցի ուսումս շարունակելու ցանկությունս ու սկսեցի զբաղվել ինքնակրթությամբ։
Բարձրագույն կրթություն չունեմ, չնայած մի քանի օտար լեզուների ու հատկապես հայերենին բավարար տիրապետմանս, թարգմանել եմ բազմաթիվ ֆիլմեր տարբեր լեզուներից, գրել մի շարք սցենարներ, խմբագրել ուրիշներինը, նկարահանել մի շարք ֆիլմեր ու ռեպորտաժներ, ցուցադրելով դրանք հայկական հեռուստատեսությամբ։
Կարմիր դիպլոմով ավարտեցի կապի տեխնիկումը, զուգահեռաբար աշխատելով հեռախոսային ցանցում, որպես մոնտյոր։
Սա ինքնագովություն չհամարեք։ Թէ կյանքի ի՞նչ ճանապարհ եմ անցել, շատերդ գիտեք։
Կյանքում մարդկանց ընդունել եմ գիտելիքի առկայությամբ, այլ ոչ հագուստով։
Խոստովանեմ, որ այդ գյուղապետի թեկնածու առաջադրվածի անունը չգիտեմ նույնիսկ, սակայն եթե առաջադրում է մեկը, որին ազգովի ենք ընտրել, խոսքերն ավելորդ են։
Մեզ անհրաժեշտ է մարդկանց մի քիչ վստահել։ Ինչը, գոնե հիմա մեզանում շատ է պակասում։
Կարող եք չարձագանքել, դրա կարիքը չկա…
ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ…»։