Բազմազավակ ընտանիքներին պետությունը կօգնի հնարավորինս հեշտ բնակարան ձեռք բերել
Բազմազավակ ընտանիքներին պետությունը կօգնի հնարավորինս հեշտ բնակարան ձեռք բերել։ Այս նախագծի մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Սոցապնախարարի հետ քննարկում եղավ, որ մարզերում երեխաներ ունեցող ընտանիքների պետական սուբսիդավորման չափն ավելացնենք: Հիմա դա քննարկման փուլում է, բայց վերաբերելու է բոլոր հիփոթեքային ծրագրերին` և՛ Ազգային հիփոթեքային հիմնադրամի միջոցով տրամադրվող վարկերին, և՛ երիտասարդ ընտանիքներին, և՛ երիտասարդ մասնագետներին տրամադրվող վարկերին»,- ասաց Ջավադյանը:
Ծրագրի նպատակը, ըստ Ջավադյանի, ոչ թե ծնելիության խթանումն է, այլ բազմազավակ ընտանիքներին սոցիալապես աջակցելը:
Որքան շատ երեխաներ ունենան, այնքան ավելի մեծ չափով կսուբսիդավորվեն: Կախված երեխաների քանակից, մարդիկ հնարավորություն կունենան ավելի քիչ տոկոսներ վճարել։