«Սորոսի գրասենյակի դեմ ցույց անողների թիրախը Նիկոլ Փաշինյանն է». Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սորոսի գրասենյակի դեմ ցույց անողների թիրախը Սորոսը չի է, Նիկոլ Փաշինյանն է։ Էդ մարդիկ փորձում են աշխատել Նիկոլի ու նրա շրջապատի վրա, իբր թե հանրային կարծիք ձևավորում, թե գրասենյակը քանդում է ազգային պետությունը՝ ազդելով մարդկանց վախերի վրա։
Պարզ է` իշխանավորներն էլ վախեր ունեն, նրանք ևս էս հասարակության մի մասն են։ Բայց դե բոլորին էլ պարզ է, որ եթե չլիներ «Բաց հասարակությունների հիմնադրամներ»-ի գործունեությունը Հայաստանում, հաստատ մեր երկրում հանրային գիտակցությունն այդքան պատրաստ չէր լինի փոփոխությունների։
Ժողովրդավարության հաստատման համար իրականացվող ամենօրյա աշխատանքը, մարդու իրավունքների պաշտպանության, փակ և կիսափակ հաստատություններում մշտադիտարկումները, կրթական, մշակութային բազմաթիվ ծրագրեր կարողացել են պատրաստել գիտակից ու գործուն քայլեր ձեռնարկող սերունդ, որը չէր կարող հանդուրժել բռնապետությունը։
Դա լավ գիտեն նրանք, ովքեր այդքան վախենում են փոփոխություններից ու հիմա ամեն քայլ ձեռնարկում են, որպեսզի ամենակարևոր փուլում կասեցնեն համակարգային անշրջելի փոփոխությունները»։