ՄամուլՍպորտ

Մենք սատարում ենք մեր ֆուտբոլիստի կայացրած ճիշտ որոշումը․ Մխիթար Հայրապետյան

Մենք սատարում ենք մեր ֆուտբոլիստի կայացրած ճիշտ որոշումը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը անդրադարձավ «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ընդգծեց՝ հարցն ունի շատ պարզ պատճառ, պատասխանն ակնհայտ է:

««Ոչ ռասիզմին», սա այն փիլիսոփայական արժեքներից մեկն է, որ որդեգրել են ՈւԵՖԱ-ն ու մարզաշխարհը, բայց նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի նման երկրին, այն է՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ տալով՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, իսկ ես կարծում եմ՝ մենք գիտենք՝ ինչ նկատառումներից ելնելով, միջազգային մարզական աշխարհն ուղղակիորեն ոտնահարեց այդ փիլիսոփայությունը:

Դա գալիս են փաստելու վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, իսկ ավելի կոնկրետ՝ երեկ Հենրիխ Մխիթարյանի նկարով մարզահագուստով արտասահմանցի երկրպագուները ոստիկանների կողմից կանգնեցվել են և մանրակրկիտ ստուգվել, դրանից առաջ ուղերձ է եղել, որ հայկական ծագում ունեցող և անգամ օտարերկրյա ծագում ունեցող հայերը չեն կարող ներկա գտնվել խաղին»,- ասաց նա:

Հայրապետյանը նաև ասաց՝ կան տեղեկություններ, որ Հենրիխ Մխիթարյանի առջև դրվել են նախապայմաններ՝ կապված դրոշը չբարձրացնելու և այլնի հետ, հույս հայտնեց, որ այդ մասին հետագայում մեր ֆուտբոլիստը կբարձրաձայնի: Սա, ըստ պատգամավորի, վկայում է, որ անվտանգության երաշխիքները, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե տրվել են, դատարկախոսություն են:

«Մեր ֆուտբոլիստի առջև դրվել էր ընտրություն՝ անվտանգության և սպորտի առաքելության փիլիսոփայության միջև: Ուզում եմ՝ ևս մեկ անգամ ասենք, որ դա շատ ճիշտ ընտրություն էր, քանի որ այդ երաշխիքները գրոշի արժեք չունեն»,- նշեց նա:

Կիսվել