Մամուլ

Երկիրը հազիվ է դրանցից ազատվել. հեղափոխության պարտությունը անդառնալի հետևանք կունենա մեր պետականության համար

Երկիրը հազիվ է դրանցից ազատվել. հեղափոխության պարտությունը անդառնալի հետևանք կունենա մեր պետականության համար: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք վերջին զարգացումների շուրջ։ Վարչապետ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, անգամ խոսեց Արցախյան հարցում դավադրության մասին։ Կա՞ այդպիսի վտանգ։

-Իմ պատկերացմամբ՝ հեղափոխությունը փրկություն էր նախկին կլանից ազատվելու համար, իսկ նախկին կլանի ներկայացուցիչները պետք է դիմադրեն։ Հակահեղափոխականները, այո՛, վերջին շրջանում ակտիվացել են, մարդիկ, ովքեր ուզում են նախկինը վերականգնել, ոչնչի առաջ չեն կանգնի։

Նրանք  հավաքներ են անցկացնում նախկին իշխանությունը վերականգնելու, հինը հետ բերելու համար, բայց հազիվ է երկիրն ազատվել դրանցից։ Մենք կարծում ենք, որ երկրի անվտանգության երաշխիքը հեղափոխությունն ամրապնդելն է, ոչ թե նախկինին վերադառնալը։ Մենք պետք է տնտեսապես հզորանանք, իսկ դրա հնարավորությունը կա, մենք պարզապես պետք է ուզենանք մեր բռնած կուրսը մինչ վերջ տանել։

Նորմալ արդարադատություն ունենալու դեպքում հնարավոր կլինի կոռուպցիայի դեմ իսկական պայքար տանել։ Եթե տնտեսությունը հզորանա, բանակն էր կհզորանա , Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահով կլինի, իսկ մնացածը սին խոսքեր են։

-Կարծում եք Արցախն այդ հակահեղափոխության օջախներից մե՞կն է։

-Հայաստան-Արցախ՝ տարբերություն չկա, մենք միասնական  ենք եղել: Բայց այսօր թե՛ Արցախում, թե՛ Հայաստանւմ, թե՛ դրսում կա հակահեղափոխականների ցանց, որը փորձ է անում երկիրը պարալիզացնել։ Նրանք լուսանցքում հայտնված ուժերն են և հարմար պահ են փնտրում  միավորվելու համար, հանդիպումներ են կազմակերպում այդ նպատակով։ Ես կարծում եմ, որ ժողովրդի միասնականությունը հիմա ավելի քան կարևոր է։

Անկախ նրանից՝ ինչքան ենք հավատում, ում ենք հավատում, հեղափոխության պարտությունը անդառնալի հետևանք կունենա մեր պետականության համար։

– Արցախի իշխանություններն ինչքանո՞վ են այդ ցանցի մասը կազմում, ինչո՞ւ են շարունակ աջակցում նախկին համակարգի ներկայացուցիչներին։

– Արցախի իշխանությունները նախկինների կցորդն են եղել, նույն կլանի ներկայացուցիչներն են Արցախում, ինչ այստեղ էր, նույնն էլ՝ Արցախում։ Նույն բանդան էր, նույն կոռուպցիան, նույն կլանը։

Նրանք գիտեն, որ արդարադատության  վերականգնումը սպառնում է նաև իրենց, եթե վերականգնվի արդարադատությունը՝  կոռուպցիայի մահ է լինելու։ Նախկիններն իրենց գործակալների միոջոցով դեռ կարողանում են մանևրել, այս փուլում նրանց միավորել է վախը։

– Դաշնակցության  հրավիրած հանրահավաքի մասին ի՞նչ կասեք, ի՞նչ վտանգներ է պարունակում ընդդիմության ակտիվացումը։

– Նույն թիմն է, որևէ տարբերություն չեմ տեսնում։ Իրենց վարած քաղաքականությունն էլ է նույնը։ Կան տարբեր քաղաքական ուժեր, ՀԿ-ներ,  անհատներ, ովքեր դեմ են այս բարեփոխումներին, ովքեր կփորձեն նախկինը հետ բերելու թիմում լինել։ Ժողովուրդը պետք է մերժի նաև նրանց։

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել