Մամուլ

Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում. Աննա Հակոբյանը՝ ադրբեջանցի լրագրողին

Պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում ԼՂ-ի բանակում. Աննա Հակոբյանը՝ ադրբեջանցի լրագրողին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ շեշտելով, որ որպես մայր և կին իր ուղերձն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով:

Ադրբեջանցի լրագրողը նշեց, որ ՀՀ վարչապետի որդին զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, երբ միջազգայնորեն որպես Հայաստանի տարածք չի ճանաչվել:

Նա նաև նշեց, որ 2018 թվականի մայիսին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստեփանակերտ և տեսախցիկների առաջ ելույթ ունեցել՝ հարցնելով, նման պայմաններում հնարավո՞ր է կողմերի միջև վստահություն ձևավորել:

Աննա Հակոբյանն ընդգծեց, որ չի ցանկանում մանրամասների և քաղաքականության մեջ մտնել: «Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, իմ ուղերձը հղում եմ որպես կին և մայր: Ես ցանկանում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում Լեռնային Ղարաբաղի բանակում:

Այսպիսով` իմ ուղերձն է, որ մենք սկսենք վստահել միմյանց, սկսենք մտածել այս հակամարտությունը բանակցությունների, ոչ թե պատերազմի միջոցով լուծելու մասին: Դուք գիտեք, որ 2016 թվականին Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց, և մենք կորցրեցին հարյուրավոր երիտասարդների երկու կողմերից: Իմ ուղերձն է՝ երբեք նույնը չկրկնել և սկսել մտածել այս հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին»,- ասաց Հակոբյանը:

Եթե խոսում եք մեր ընտանիքի կողմից կամ հայկական կողմից հնչող ուղերձների մասին, Դուք պետք է հիշեք Ադրբեջանի կառավարության, Իլհամ Ալիևի ելույթներն ու ուղերձները: Դուք ավելի լավ գիտեք, թե ինչպիսի թշնամանք են պարունակում այդ ելույթները: Ես ցանկանում եմ կրկնել, որ իմ ուղերձն է՝ սկսել չատել միմյանց: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է, բայց դա անհնար չէ:

Ես կարծում եմ, որ եթե որպես սկիզբ մայրերը և կանայք կարողանան նույն ուղերձը տալ քաղաքական որոշում կայացնողներին, բանակցողներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգողներին՝ թույլ չտալ նոր պատերազմ և փորձել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով, մենք տեղ կհասնենք»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:

Կիսվել