Մամուլ

Ո՞նց կարելի է ազգը 2 մասի բաժանել, արյուն թափելուց միասին ենք, հենց խաղաղություն է, ազգը պետք է 2 մասի բաժանվի՞

Ո՞նց կարելի է ազգը 2 մասի բաժանել, արյուն թափելուց միասին ենք, հենց խաղաղություն է, ազգը պետք է 2 մասի բաժանվի՞: Ազգը չի կարելի բաժանել երկու մասի, հայրենիքի համար պայքարելու ժամանակ միասին ենք, իսկ խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ ենք:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև:

«Ես հայտարարությամբ եմ հանդես գալու: Ո՞նց կարելի է ազգը երկու մասի բաժանել: Զոհվելու, կյանքը տալու ժամանակ միասին են զոհ տալիս, բայց խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ են, դա ես չեմ կարողանում հասկանալ: Արյուն թափելուց միասին ենք թափում, բայց հենց խաղաղություն է լինում, ի՞նչ է, ազգը պետք է երկու մասի բաժանվի՞, իրար ուտե՞ն»,- նշեց Սամվել Կարապետյանը: 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև.

«Այդ կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց անձնական կապերն են օգտագործում Արցախում Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ քարոզչություն իրականացնելու համար»: Վարչապետը նաև չէր բացառել նոր պատերազմ հրահրելու և, հավանաբար, նույնիսկ որոշակի տարածքներ հանձնելու նպատակով իրականացվող դավադրությունը` պատասխանատվությունը երկրի կառավարության վրա տեղափոխել:

Սամվել Կարապետյանի վերաբերյալ նաև այսօր մամուլի հրապարակում էր եղել, ըստ որի՝ օրեր առաջ հայաստանյան հայտնի գործարար­ներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի և հայ օլիգարխիայի ներկայացուցիչները, որի կազմակերպիչը հենց Սամվել Կարապե­տյանն էր: Հավաքի մասնակիցները, ըստ լրատվամիջոցի՝ «երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տա­պալելու համար»:

Անդրադառնալով այս հրապարակմանը գեներալ-մայոր նշեց, որ դա անհեթեթություն է:  «Որտե՞ղ է Սամվել Կարապետյանը հանդիպել Սամվել Ալեքսանյանի հետ, որտե՞ղ է հավաք եղել, ի՞նչ գեներալներ են մասնակցել: Նման բան չկա, ես շուտով հայտարարություն եմ տարածելու»,- ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել