Ես խղճում եմ Քոչարյանին նրա համար, որ 10 տարի ունեցել է հասկանալու ու չի հասկացել, որ իր ժամանակը անցավ
Ես խղճում եմ Քոչարյանին ․․․ Արամ Սարգսյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Քոչարյանի թշնամին Քոչարյանն է… Ու ընդհանրապես ընկածին խփելը իմը չէ, առավել ևս՝ իր պարագայում խփողների պակաս չկա… Ես խղճում եմ ընկածին, ինչքան էլ ինքը թիկունք ցույց չտված հերոս ներկայանա։ Ի՞նչ է ապացուցում Քոչարյանը դատարանում իր հանդուգն պահվածքով:
Հեռու ու մոտ շրջապատի վրա մեղքը բարդելով: Մահացած մարդկանց հոգիներին բեռ դնելով: Կիսանախագահական համակարգի յուրովի մեկնաբանությամբ (կարծես ինքը չէր Սահմանադրությունը էնպես փոխել, որ ուժայինները միայն իր հրամանն էին կատարում):
Ընդամենը հանրային ու անգամ դատական շրջանակների հակակրանքն է օր օրի ավելացնում: Դատարանի դռների մոտ ոչ մեկի գետնին պառկելու կարիք էլ չկա։ Ժողովուդը ասում է՝ (Մարդու վերջը բարին լինի):
Չեմ կարծում, որ կարեկցանք և զղջում չունեցող էս տեսակը մարտի 1-ին մտածել է վերջը բարին լինելու մասին, նա գործել է սեփական իշխանության և ունեցվածքը պահելու մղումով, հիմա էլ մի խնդիր է ուզում լուծել ընդամենը՝ չդատվել ու եղածը պահել, ավելիի մասին մտածելը անհնարինի ու անհեթեթի շարքից է իր պարագայում:
Ես խղճում եմ Քոչարյանին նաև նրա համար, որ 10 տարի ունեցել է հասկանալու ու չի հասկացել, որ իր ժամանակը անցավ: Վերջ: Արյունով եկավ, արյունով գնաց: Միայն գրքեր գրելն է մնացել՝ միայն գրքերում կարող է իրեն զորեղ զգալ, որտեղ բոլորը սխալ են ու մենակ ինքը՝ ճիշտ: Սպիտակ թուղթն ամեն ինչ հանդուրժում է, մարդիկ չեն հանդուրժելու:
Էս դատավարության ամեն օրը Ռոբերտ Քոչարյանն աշխատում է ինքն իր դեմ՝ ապացուցելով նաև նրանց, որ իր իշխանության տարիներին երեխա են եղել ու բան չեն հասկացել, թե ինչպիսին չպիտի լինի պետության առաջին դեմքը:
Դե իսկ մեզ, որ ամեն ինչ հիշում ենք, ինքը չպիտի առասպելներ պատմի մամուլի ազատության, իր օրոք տեղի ունեցած դատավարությունների, ընդդիմության նկատմամբ վերաբերմունքի ու Էն մասին, թե ինչ է արժանապատվությունը» ,- իր հրապարակման մեջ գրել է Արամ Սարգսյանը: