Ազատ խոսք

«Էս գիշեր մի պատմություն հիշեցի, պատմեմ դուք էլ իմացեք»․ Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Էս գիշեր մի պատմություն հիշեցի որը պատմեմ դուք էլ իմացեք:

23 տարեկանում աշխատում էի ռազմական ոստիկանության քրեական հետախուզությունում:

Մի անգամ ես ու «նապառնիկս» պետք է Եղվարդ քաղաքից բերման ենթարկեինք մի քաղաքացու ով կասկածվում էր բավական լուրջ հանցագործության մեջ: 2-3 օր իմ մեքենայով հետևում էինք այդ մարդուն և որպեսզի կասկած չհարուցեինք տաքսու նշան էի ամրացրել իմ 06-ի տանիքին:

Երբ բոլոր ճշտումներն արդեն արված էին մի օր առավոտյան, երբ քաղաքացին տանից մեքենայով դուրս էր գալիս իմ մեքենայով մոտեցա և ձեռքով նշան արեցի, որ կանգնի: Ի զարմանս ինձ քաղաքացին չենթարկվեց և իր մեքենայով դիմեց փախուստի: Եղվարդի մայրուղու վրա սկսվեց հոլիվուդյան մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում:

Հանկարծ հասկացա, որ հետապնդում եմ տաքսու նշանը տանիքին մեքենայով: Հասկացա, որ քաղաքացին չի հասկացել թե իրենից ինչ են ուզում տաքսու մեջ նստած երկու տղամարդիկ ու վախից է դիմել փախուստի:

Խելահեղ արագության տակ, մի ձեռքով բռնելով ղեկը, մյուսով մի կերպ մեքենայի տանիքից հեռացրեցի տաքսու նշանը և փոխարենը տեղադրեցի ու միացրեցի ոստիկանական փարոսիկը: Հետապնդվող մեքենայի վարորդը տեսնելով իրեն հետապնդող տաքսիի փոխակերպումը ոստիկանական մեքենայի` աջ ընդունեց և կանգնեց:

Երբ ես այդ փախուստի փաստից մի քիչ տաքացած մոտեցա այդ մեքենային, բացեցի դուռը ու աշխարհը փլվեց…

Հետևի նստարանին նստած էր 9-10 տարեկան մի տղա ով այդ անհասկանալի հետապնդումներից վախեցած աչքերով ինձ էր նայում:

Մինչև հիմա չեմ մոռանա թե ինչպես սկսեցի ձևացնել, որ նրա հոր հետ վաղուցվա ընկերներ ենք ու այդ հետապնդումը ուղղակի խաղ էր:

Էս մարդուն աչքով արեցի ու երեխուն հարցնում եմ «տեսա՞ր ինչ կայֆ գոնկա էինք անում պապայիդ հետ»:

էնքան խոսեցի հետը մինչև երեխան հավատաց, որ այդ ամենը խաղ էր: Հորը առանձին ասեցի երեխային ուղեկցումով միասին տանենք դպրոց ու գնանք մեր հետ, հավաստիացրեցի, որ որևէ վտանգ չկա, ինքն էլ տղամարդու խոսք տվեց, որ չի փախնի: Այդպես էլ արեցինք:

Ասածս ինչ է` էրեխեքը միշտ եղել են էն կարմիր գիծը որը երբեք, երբեք ու երբեք որևէ պարագայում չի կարելի անցնել…»։

Կիսվել