Մամուլ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ ԵԽ 70-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար,

Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքներից մեկը։

Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա խարսխված համընդհանուր արժեհամակարգ և եվրոպական միասնական իրավական տիրույթ է՝ 840 միլիոն քաղաքացիների համար։

Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բացառիկ դերի շարունակական ամրապնդումը և պատրաստ է աջակցել կազմակերպությանն իր հետագա բարեփոխումներում։

Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ  անունից մաղթում եմ Եվրոպայի խորհրդին անսասան կենսունակություն՝ ի նպաստ   եվրոպական մայրցամաքում պաշտպանված ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, հանուն «Մեր իրավունքների, մեր ազատությունների և մեր Եվրոպայի»:

Կիսվել