Փշալարերի առաջ խոստացել էի բարձրացնել ոստիկանների աշխատավարձը. խոստումս կատարել եմ. Փաշինյան
«Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երեւում է, որ փշալարերի մոտ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:
Ընդգծեմ, որ խոստումը կատարված է եւ ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով»,-այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բացի այս՝ պարգեւատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ:
Հիշեցնեմ, որ մինչեւ 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու եւ թոշակառուի թոշակները եւ նպաստներն են բարձրացել:
Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է:
Առաջիկայում (նաեւ հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին եւ դրանց կատարման ընթացքին»․- գրել է Փաշինյանը: