Մամուլ

Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որը հիմնականում ուղղված է անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, ովքեր կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Հյուրերը մանրամասնել են, որ ծրագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է և արդեն երեք երեխա լույս աշխարհ է եկել, ևս մեկ հղիություն ընթանում է: Ներկայումս 20 շահառու հետազոտվում է (զույգերի տարիքային շեմը` 38), բժիշկների դրական եզրակացության առկայության դեպքում` նրանց համար կիրականացվի արտամարմնային բեղմնավորում:

երեխայի ծնունդ

Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության շրջանակները: Արսեն Թորոսյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կարևոր առաքելություն են կատարում, քանի որ մայրանալու իրավունք ունեն բոլորը և ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է:

Նշենք, որ «Հայ մանուկ» ծրագրում ընդգրկվելու համար շահառուները գրանցվում են առցանց` ասոցիացիան համագործակցում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի և «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոնի հետ:

Կիսվել