Նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Ադրբեջանը լայնամաշտաբ զորավարժություններ է սկսելու
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են`
1.ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ,
2.ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,
3.ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,
4.ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):
Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:
Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:
Տեղեկացնում եմ, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետևյալ կազմով.
անձնակազմ` 10 000 մարդ,
2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա,
3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ,
4. բանակային ավիացիայի ավելի քան ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ:
Զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ: Զորավարժության խնդիրներն են.
– զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների,
– հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական և մարտական դասավորվածությունը,
– հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական և ռազմավարական նշանակության կարևոր կառույցները,
– նոր տեսակի սպառազինության և տեխնիկայի փորձարկումներ:
Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ վերոնշյալ զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին և նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, ԱՀ պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել:
Եզրակացություն.
Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիջելու Ադրբեջանին»,- գրառման մեջ նշում է Հովհաննիսյանը: