«Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա». լրագրողի «անհարմար» հարցը հունից հանեց Գագիկ Ծառուկյանին
Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վրդովվել է, երբ նրան հարցրել են 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների հետ կապ ունենալ–չունենալու մասին։
2008 թվականին ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, օրերով հանրահավաքներ էր անցկացնում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի երկարատև ակցիաները մարտի 1–2–ին վերաճեցին բախումների, որի արդյունքում 10 մարդ մահացավ, 230 մարդ վիրավորում ստացավ։
Այսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Գագիկ Ծառուկյանին հարցրել է` արդյո՞ք նրան հարցաքննել են «Մարտի1–ի» գործի շրջանակում։
«Ինչի՞ համար պետք է հարցաքննեն։ Ուրեմն` բանակ, МВД այնտեղ կանգնած Ծառուկյանին պետք է հարցաքննե՞ն։ Անհարմար է, ես ձեր տեղը ամաչում եմ։ Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա», – ասել է կուսակցության առաջնորդը։
Ծառուկյանն ավելացրել է, որ նման հարցերը շանտաժ է համարում։
Մեկ այլ լրագրող հիշեցրել է, որ 2008թ.–ի մարտի իրադարձությունների ժամանակ նրա կուսակցությունն իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի կազմում էր ու այդ պատճառով պատասխանատու է իշխանության որոշումների համար։ Ծառուկյանն ասել է, որ նրանցից ոչինչ կախված չէր։
Աղբյուր՝ armeniasputnik.am